National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.04.2021
2020-ին բացահայտվել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս
1 / 6

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ 2019-ի համեմատ՝ հանցագործության դեպքերը նվազել են. 2020-ի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք:

Հաշվետու ժամանակահատվածում նվազել են նաեւ ավազակություն կատարելու դեպքերը. արձանագրվել է 39 դեպք՝ նախորդ տարվա 62-ի համեմատ: Արձանագրվել է բնակարանային գողության 1258 դեպք՝ 400-ով պակաս 2019-ից: «Մեր ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները եւս դրական ազդեցություն են ունեցել ծավալների նվազման վրա: Մեր հետեւողականության արդյունքում միայն Երեւանի բնակֆոնդի շուրջ 33 տոկոսը զինված է համապատասխան կոդավորված դռներով կամ անվտանգության այլ միջոցներով»,-ասաց դատախազը:

2020-ին սպանության դեպքերն աճել են 3-ով: Վերլուծությունների համաձայն՝ դրանց մեծ մասը կենցաղային շարժառիթի հիմքով է:

Դավթյանն ընդգծեց, որ ամենակարեւոր ձեռքբերումը սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազումն է, քանի որ վերջին տասը տարիների ընթացքում հատկապես զգալի են եղել բնակարանային գողությունների դեպքերը:

Զեկուցողը բացասական դինամիկայի առումով առանձնացրեց մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճը՝ հատկապես հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները:

«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակել է մնալ մեր առաջնահերթությունը: 2020-ի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356 անձ»,-ասաց Դավթյանը:  Ըստ նրա՝ կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս:

Ըստ «Համաշխարհային բնակչության գնահատում» միջազգային անկախ կազմակերպության տվյալների՝ 0-100 ինդեքսով սանդղակում հանցագործությունների դեպքերով Հայաստանն ամբողջ աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը:

2020-ին նկատելի է եղել վիրավորանքի, ատելության խոսքի, ագրեսիայի ծավալների աճ: «Բացասական երեւույթները ռիսկեր են ստեղծում հանցավորության մակարդակի ավելացման համար: Ուստի, հանցածին իրավիճակները կանխելու հարցում պետության միջամտության անհրաժեշտություն կա: Ներկայացվել է համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնություն»,-նշեց դատախազը:

Զեկուցողը վստահեցրեց, որ մեր երկրում հանցավորության մակարդակը վերահսկելի է, եւ պատկան մարմինները տիրապետում են իրավիճակին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերում էին 2020-ի հանցագործությունների թվի նվազմանը, բռնության կոչերի հիման վրա հարուցված գործերին, ապօրինի գույքի բռնագանձման դեպքերով դատական հայցերին, ձերբակալված անձանց՝ հանցակազմի բացակայությամբ պայմանավորված ազատ արձակման դեպքերին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործերին:

Հանձնաժողովը հաղորդումն ընդունեց ի գիտություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am